National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
28.04.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05 06 07
08 09 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30
 
07.02.2017
ՀՀ Ազգային ժողովի եւ Շվեդիայի Ռիկսդագի արտաքին հարաբերությունների հանձնաժողովների համատեղ նիստում
1 / 4

Փետրվարի 7-ին տեղի է ունեցել ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի եւ Շվեդիայի Թագավորության Ռիկսդագի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի համատեղ նիստը:

Բացման խոսքում ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը, ողջունելով Շվեդիայի խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի պատվիրակությանը, համոզմունք է հայտնել, որ համատեղ նիստի անցկացումն իր դերն ու նշանակությունը կունենա երկու երկրների հարաբերություններում առկա ներուժի ճիշտ զարգացման եւ ուղղորդման գործում: Կարեւորելով Շվեդիայի խորհրդարանի հետ համագործակցության ակտիվացումը՝ Արտակ Զաքարյանը նշել է, որ երկու երկրների խորհրդարաններում ձեւավորվել են միջխորհրդարանական բարեկամության խմբեր, որոնք կարեւոր նշանակություն ունեն հարաբերությունների զարգացման գործում: Հանձնաժողովի նախագահը հույս է հայտնել, որ ՀՀ խորհրդարանական ընտրություններից հետո հնարավոր կլինի ավելի հավակնոտ ծրագրեր եւ համատեղ գործունեություն ծավալել նաեւ խորհրդարանական մակարդակում:

Անդրադառնալով Հայաստան-ԵՄ համագործակցությանը՝ պարոն Զաքարյանը նշել է, որ Շվեդիան, որպես Արեւելյան գործընկերության համահեղինակ, մեծ դերակատարում ունի Հայաստան-ԵՄ հարաբերությունների ամրապնդման գործում: «Մենք գնահատում ենք շվեդական կողմի ցուցաբերած աջակցությունն այդ համագործակցության հաջողության գործում եւ հուսով ենք, որ այսուհետ նույնպես կարող ենք ապավինել ձեր երկրի աջակցությանը, այդ թվում` ՀՀ քաղաքացիների համար ԵՄ վիզաների ազատականացմանն ուղղված գործընթացում»,-ասել է հանձնաժողովի նախագահը:

Նշվել է, որ Եվրոպական Միությունը եղել եւ շարունակում է մնալ Հայաստանի կարեւորագույն գործընկերներից մեկը. Հայաստանը կարեւորում է ԵՄ հետ իրավական նոր շրջանակային փաստաթղթի ստորագրման շուրջ բանակցությունների մեկնարկը:

Խոսելով Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացի մասին՝ Արտակ Զաքարյանը նշել է, որ Հայաստանը բարձր է գնահատում հակամարտության խաղաղ կարգավորման հարցում Շվեդիայի հավասարակշռված մոտեցումը` ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձեւաչափում: «Մենք կարեւորում ենք նաեւ ԵԽԽՎ-ում շվեդական խորհրդարանական պատվիրակության կեցվածքը Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ քննարկումների ժամանակ, ինչը տեղի չի տալիս խաղաղ կարգավորման գործընթացի խոչընդոտմանն ուղղված ադրբեջանական տարբեր սադրանքներին` հավատարիմ մնալով իր երկրի պաշտոնական դիրքորոշմանը»,-ասել է Արտակ Զաքարյանը:

Անդրադառնալով Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչմանը՝ հանձնաժողովի նախագահը նշել է, որ այն միայն հայ ժողովրդի պատմական արդարության վերկանգնման խնդիրն ու ցանկությունը չէ: Դա աշխարհի քաղաքակիրթ ժողովուրդների արդարադատության պահանջն է մարդու ամենահիմնարար իրավունքի՝ այն է՝ կյանքի իրավունքի խախտման դաժան նախադեպի ստեղծման համար, ինչի անպատժելիությունը հետագայում հիմք դարձավ նոր ցեղասպանությունների իրագործման համար՝ Հոլոքոստ, Ռուանդա, Դարֆուր, այժմ՝ Սիրիա: «Մենք երախտապարտ ենք բոլոր այն անհատներին եւ երկրներին, ովքեր տարիների ընթացքում սատարել են մեզ մեր պայքարի ընթացքում: Ուրախ եմ, որ դրանց թվում է նաեւ Շվեդիան, որի խորհրդարանը 2010թ.-ին ընդունեց Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձեւ: Լիահույս ենք, որ Շվեդիայի ներկայիս կառավարությունը կորդեգրի 2010թ. բանաձեւի իրագործման քաղաքականություն, ինչպես եւ խոստացել էր»,-ասել է պարոն Զաքարյանը: 

Շվեդիայի Թագավորության Ռիկսդագի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Քեննեթ Ֆորշլունդը, շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար, համոզմունք է հայտնել, որ Եվրոպայի համար կարեւոր է հարեւանների հետ ունենալ լավ հարաբերություններ, ինչը կնպաստի բարեկեցությանը, ժողովրդավարությանը, խոսքի ազատությանը, կանանց իրավունքների ամրապնդմանը, ինչն էլ իր հերթին դյուրին կդարձնի համագործակցությունը: «Մենք Շվեդիայում հավատում ենք այդ արժեքներին, տարբեր ոլորտներում ջատագովն ենք այդ արժեքների, կարեւոր ենք համարում դրանք մեր աշխատանքում»,-նշել է Քեննեթ Ֆորշլունդը: Նրա խոսքով՝ Շվեդիայի արտաքին քաղաքականության իրագործման հիմնական հարթակը Եվրոպան է՝ ՄԱԿ-ի հետ համատեղ: Խորհրդարանականը կարեւորել է երկու խորհրդարանների միջեւ առկա շփումներն ու համագործակցության զարգացումը:

«Քաղաքական օրակարգը Հայաստան-ԵՄ հարաբերությունների համատեքստում» թեմայով ելույթ է ունեցել ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Կարեն Նազարյանը: Նա երախտագիտություն է հայտնել Եվրամիության Արեւելյան գործընկերության շրջանակում Շվեդիայի ակտիվ ներգրավվածությանը, ինչպես նաեւ Հայաստանի հետ շարունակական համագործակցության եւ ցուցաբերած աջակցության համար: Փոխնախարարի խոսքով՝ Հայաստանն ակտիվորեն մասնակցում է Արեւելյան գործընկերության տարբեր ձեւաչափերով քննարկումներին, հանդիպումներին, ներկայացնում իր տեսլականը ապագա համագործակցության վերաբերյալ, հանդես գալիս տարբեր առաջարկներով: Նշվել է, որ Եվրամիության հետ շրջանակային նոր համաձայնագրի շուրջ բանակցություններն ընթանում են բավականին ինտենսիվ: Ներկայում ԵՄ անդամ երկրների եւ կառույցների հետ Հայաստանը գտնվում է 2017 եւ 2020 թթ. գործընկերության առաջնահերթությունները որոշակիացնելու եւ հստակեցնելու փուլում:

«Տնտեսական օրակարգը Հայաստան-ԵՄ հարաբերությունների համատեքստում» թեմայով ելույթ է ունեցել ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների փոխնախարար Գարեգին Մելքոնյանը: Նա ներկայացրել է ՀՀ-ԵՄ առեւտրաշրջանառության ծավալները՝ նշելով, որ ՀՀ առեւտրային քաղաքականության եւ տնտեսական հարաբերություններում բարձր տեղ են զբաղեցնում Հայաստան-Եվրամիություն հարաբերությունները, քանի որ ԵՄ-ն համարվում է Հայաստանի հիմնական առեւտրային գործընկերներից մեկը: Փոխնախարարի խոսքով՝ անդամակցելով Եվրասիական միությանը՝ Հայաստանն իր առեւտրատնտեսական կապերը զարգացրել է եւ՛ Եվրոպական միության, եւ՛ այլ արեւմտյան կամ արեւելյան գործընկեր երկրների հետ:

Նիստում անդրադարձ է կատարվել նաեւ միջխորհրդարանական հարթակներում երկկողմ համագործակցությանը, Սիրիայից Հայաստանում ապաստանած սիրիահայության ինտեգրմանը եւ երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցերի:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am